«Ի՞նչ է պոպուլիզմը». Յան-Վերներ Մյուլլերի քաղաքական բեսթսելլերը՝ արդեն հայերեն

ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» գիրքը` Նյու Յորք Թայմսի քաղաքական բեսթսելլերը, «Նյումեգ» հրատարակչությունը թարգմանել է հայերեն:

Գիրքը պատասխանում է ինչ է պոպուլիզմը և ովքե՞ր են պոպուլիստները հարցերին: Գիրքը մեկտեղում է պատմագիտական անգնահատելի նյութ՝ ընթերցողին տալով վերջին 100 տարում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում քաղաքական զարգացումների ընդգրկուն պատկերացում: Մյուլլերը բավականին կարճ ու հասկանալի ներկայացնում է, թե ինչ և ինչպես են անում պոպուլիստները՝ լինելով ընդդիմություն, ապա իշխանություն:

Ըստ հեղինակի՝ իր գիրքը ներկայացնում է պոպուլիզմի օրինակները բազմաթիվ երկրներում, ընթերցողին օգնում է ճանաչել ու տարբերել իսկական պոպուլիստներին:

Գիրքը հայերեն թարգմանել է Հովհաննես Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ թարգմանությունը դժվարին, պարտավորեցնող, բայց հետաքրքիր աշխատանք էր:

«Այս թարգմանությանը վերաբերվել եմ, որպես հանրային ծառայություն և այդ առումով շնորհակալ եմ «Նյումեգ»-ին և բոլոր գործընկերներին: Գրքի թերևս ամենակարևոր եզրահանգումը այն է, որ պոպուլիզմը հակապլյուրալիստական երևույթ է՝ բազմակարծություն և բազմակուսակցականություն չհանդուրժող»,-ասաց գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանը։

Ըստ նրա՝ գրքի ֆունդամենտալ պնդումը հետևյալն է. «Պոպուլիստները համարում են, որ իրենք ու միայն իրենք են ներկայացնում իրական ժողովրդին և իրենցից լավ որևէ մեկը չգիտի, թե ինչ է ուզում իրական ժողովուրդը»: Այսպիսով՝ հեղինակը պնդում է, որ պոպուլիստ գործիչը որևէ անձնական պատասխանատվություն չի ստանձնում: Նա միայն մեկնաբանում, արտահայտում է ժողովրդի ընդհանրական շահերը. որևէ անհամաձայնություն պոպուլիստ առաջնորդի հետ նշանակում է անհամաձայնություն ժողովրդի հետ:

Յան-Վերներ Մյուլլերը պնդում է, որ ազատ և արդար ընտրությունները, ազատ լրատվամիջոցները և անկախ դատական համակարգը ցանկացած ժողովրդավարության հիմնարար կողմերն են, իսկ պոպուլիզմը դեմ է քաղաքական համակարգում գործող այդ անկախ տարածություններին:

Իսկ ի՞նչ անել, երբ պոպուլիզմը կանգնեցնել այլևս հնարավոր չէ. գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը խորհուրդ է տալիս թուլանալ և հաճույք ստանալ: «Շատ հետաքրքիր քաղաքագիտական միտք է, հետաքրքիր արծարծումներ են և շատ արդիական: Բերված սահմանումներն են հետաքրքիր ու կարևոր և՛ Հայաստանի համար, և՛ տարածաշրջանի, և՛ ամբողջ աշխարհի: Մենք այդ օրերում ենք ապրում, մենք ապրում ենք պոպուլիզմի դարաշրջանում»,-նշեց Նալբանդյանը:

«Նյումեգ» ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց՝ այս գիրքը, բացի քաղաքագիտական ֆենոմենների անդրադարձից, մեզ նաև կօգնի հասկանալ, թե ինչ նախասիրություններ ունի մեզ համար նոր մերձգիտական գրականության շուկան:

Շնորհանդեսին ներկա հյուրերը քաղաքագիտական այս գիրքը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ են համարում հայ ընթերցողի համար:

Tert.am

«Ինչ է պոպուլիզմը». հայ ընթերցողին է ներկայացվել հայտնի գերմանացի քաղաքագետի աշխատանքի թարգմանությունը

September 9, 2019