«Ինչ է պոպուլիզմը». հայ ընթերցողին է ներկայացվել հայտնի գերմանացի քաղաքագետի աշխատանքի թարգմանությունը

Շաբաթ օրը Երևանում տեղի է ունեցել գերմանացի քաղաքագետ Յան–Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» հայտնի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

«Այս գրքի թարգմանությունը որոշ առումով ես ընկալում էի որպես հասարակական ծառայություն, քանի որ հայ ընթերցողին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ այն սոցիալական և քաղաքական խնդիրներին, որոնք առաջացել են վերջին տարիների ընթացքում որպես զարգացած երկրներում պոպուլիստական առաջնորդների կառավարման արդյունք», – հայտարարեց թարգմանության հեղինակ Հովհաննես Նիկողոսյանը։

Նա նշեց, որ որոշ խնդիրներ ուսումնասիրելիս հայ ընթերցողը կարող է զուգահեռներ անցկացնել հայկական իրականության հետ և հույս հայտնեց, որ այլ երկրների փորձը կօգնի հայ հասարակության և քաղաքական գործիչներին զարգացնել ու թարմացնել հասարակական դիսկուրսն այս հարցի շուրջ։

Գրքի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ թարգմանության ժամանակ փորձ է արվել տեքստը դարձնել հասկանալի ժամանակակից հայերենով և հեշտ ընկալելի միջին վիճակագրական հայ ընթերցողի համար։

«Միաժամանակ մենք չենք շեղվել գիտական բովանդակությունից, չենք խախտել գիտական տերմինաբանությունը, հեղինակի եզրակացությունն ու սահմանափակումները։ Այդ կերպ փորձել ենք ապահովել գիտական գրականության ընկալումը», – ասաց նա։

Պոպուլիզմի առանձնահատկությունները Հայաստանում

Գրքի շնորհանդեսից հետո «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց որ հետխորհրդային և հայկական պոպուլիզմի առանձնահատկությունն այն է, որ մեր հասարակության համար այն համեմատաբար նոր երևույթ է։

«Մենք համեմատաբար նոր ժողովրդավարություն ենք։ Մարդիկ շատ հաճախ սովոր չեն քվեարկել գլխով։ Նրանք կարող են քվեարկել ստամոքսով, սրտով, զգացմունքներով, ապրումներով», – նշեց նա։

Քաղաքագետի կարծիքով, հետխորհրդային լսարանը պակաս գայթակղված է, և այն պետք է սովորի տարբերել նման երևույթները, իսկ դրա համար հարկավոր է վարքագծի որոշակի մշակույթ քաղաքականության իրականության մեջ։

«Ես կասեի, որ պոպուլիզմը պարզ պատասխաններ են բարդ հարցերին, երբ առաջարկվում է շատ բարդ խնդիրների պարզ լուծում։ Այնտեղ, որտեղ այդ խնդիրները լուծվում են համեմատաբար վերջերս, մարդկանց կարող է թվալ, որ բարդ հարցերը կարող են ստանալ պարզ լուծում. փոխիր վատ տղերքին լավերով, և նրանք կլուծեն խնդիրը», – ասաց Իսկանդարյանը` միաժամանակ ընդգծելով, որ պոպուլիստական գաղափարախոսությունների հոսք հիմա գրանցվում է և′ Արևմուտքում, և′ Արևելքում այն տարբերությամբ, որ առաջին դեպքում կան դիմակայության մեխանիզմներ։

 

Newsarmenia.am

Հասարակություն «ԻՆՉ Է ՊՈՊՈՒԼԻԶՄԸ»․ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԻ ԲԵՍԹՍԵԼԼԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԵՐԵՆ

September 9, 2019

«Ի՞նչ է պոպուլիզմը». Յան-Վերներ Մյուլլերի քաղաքական բեսթսելլերը՝ արդեն հայերեն

September 9, 2019