Հասարակություն «ԻՆՉ Է ՊՈՊՈՒԼԻԶՄԸ»․ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԻ ԲԵՍԹՍԵԼԼԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԵՐԵՆ

Ի՞նչ է պոպուլիզմը եւ ովքե՞ր են պոպուլիստները, այս հարցի պատասխանը տալիս է ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերը իր՝ «Ինչ է պոպուլիզմը» գրքում, որը «Նյումեգ» հրատարակչությունը թարգմանել է հայերեն եւ որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։ Յան-Վերներ Մյուլլերի այս գիրքը վերջին 2 տարիների քաղաքական ու քաղաքագիտական կարեւորագույն հետազոտություն է, Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր եւ ամենաշատ հիշատակվող եւ մեջբվերվող գիրք։ «Գրքի թերեւս ամենակարեւոր եզրահանգումը այն է, որ պոպուլիզմը հակապլյուրալիստական երեւույթ է՝ բամզակարծություն եւ բազմակուսակցականություն չհանդուրժող»,-ասում է գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանը։ Գրքի գլխավոր խմբագիրը Գնել Նալբանդյանն է, ով իր խոսքում նշեց, որ փորձել են արեւմտյան քաղաքագիտական միտքը մոտեցնել ժամանակակից արեւելահայերենին, այդ միտքը դարձնելով հասկանալի եւ ժամանակակից հայոց լեզվի համար ընկալելի, ինչպես նաեւ միջին ընթերցողի համար դյուրամարս՝ չհեռանալով սակայն գիտական բովանդակությունից։

Հեղինակը՝ Յան-Վերներ Մյուլլերը կարծում է, որ գիրքը պոպուլզիմի կոնցեպտուալ նկարագրություն է, որը պետք է օգնի ընթերցողին ճանաչել մտահոգիչ զարգացումների բնութագրիչները․ «Պոպուլիստը պետք է այս կամ այն կերպ նույն միտքն ասի, որ ժողովուրդն ամենալավը գիտի, թե ինչ է պետք անել։ Պոպուլիստ առաջնորդի դերն այն է, որ նա պարզապես իրագործի ժողովրդի իմացածը։ Մյուս բոլոր քաղաքական գործիչները հռչակվում են կոռումպացված, իսկ իրենք իրականացնում են ժողովրդի կամքը։ Պոպուլիստները չեն ընդունում որեւէ այլ կարծիք եւ շեշտում են՝ ժողովուրդը հենց իրենք են, ով իրենց հետ համաձայն չէ, ընդհանրապես ժողովրդի մաս էլ չէ»,-ասում է գրքի հեղինակը հատուկ շնորհանդեսի համար պատրաստված տեսանյութում։ Ավելին, ըստ նրա, պոպուլիզմն ու ոչ պոպուլիզմը հաճախ դժվար է տարբերել․ «Օրինակ լենինիզմը պոպուլիստական նշաններ ունի, բայց նրա հետեւորդների գործողությունները այդպիսին չեն ու եթե տարբեր կոնցեպտներն ունեն գաղափարախոսություն, ապա պոպուլիզմը՝ չունի գաղափարախոսություն, պոպուլիզմը ունի տրամաբանություն, ինչ որ մեկն իրեն է վերագրում ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունքը, սա ժողովրդավարության համար վտանգավոր երեւույթ է»։ «Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյան էլ իր խոսքում ընդգծեց, որ այս գիրքն անդրադառնում է մեր շուրջ կատարվող իրադարձություններին ու վերլուծում դրանք։ Ի վերջո ի՞նչ է պոպուլիզմը, այս հարցին նա ունի իր պատասխանը․ «Ես կարծում եմ, որ իշխանության վարքագծում կան երկու ծայրահեղ դրսեւորումներ․ չափազանց պրագմատիզմը եւ չափազանց ժողովրդավարությունը, որի ծայրահեղ դրսեւորումը մենք անվանում ենք պոպուլիզմ»։ Յան-Վերներ Մյուլլերի՝ «Ինչ է պոպուլիզմը» գիրքն այսօրվանից վաճառվում է բոլոր գրախանութներում:

Hraparak.am

«Ինչ է պոպուլիզմը»․ քաղաքագիտական բեսթսելլերի հայերեն հրատարակության թիմը. newmag.

September 9, 2019

«Ինչ է պոպուլիզմը». հայ ընթերցողին է ներկայացվել հայտնի գերմանացի քաղաքագետի աշխատանքի թարգմանությունը

September 9, 2019