NewMag ընկերությունը հրատարակել է Տիգրան Պետրոսյանի հեղինակած «Գահերի խաղը․ ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն տարբերակը (տեսանյութ)

Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 90-ամյա հոբելյանի առիթով NewMag հրատարակչական ընկերությունը հայերեն թարգմանել և հրատարակել է շախմատիստի հեղինակած «Գահերի խաղը․ ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը։

Գրքի ստեղծման աշխատանքները հեղինակը սկսել է 1980-ականների սկզբին, սակայն անավարտ է թողել։ Գիրքն ամբողջացրել և ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին։ Գրքում հավաքված են շախմատի աշխարհի չեմպիոնի կարևոր հոդվածները, հեռուստատեսային և ռադիոձայնագրությունները, շաբաթաթերթերում հրատարակված նյութերը, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը և դասախոսությունները:

Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ, ինչը կնպաստի նաև շախմատի զարգացմանը: NewMag հրատարակչական ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ իրենց նպատակը հենց դա է՝ ներկայացնել թարգմանական և ոչ գեղարվեստական գրականություն, որի բացն այսօր կա:

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր խոսքում նշեց՝ Տիգրան Պետրոսյանն իր տաղանդով իրավիճակ փոխեց Հայաստանում․ «Լինելով միակ հայ գրոսմայստերը՝ նրա շնորհիվ ընդամենը մի քանի տասնամյակ հետո այսօր Հայաստանում կա 43 գրոսմայստեր։ Եթե հետաքրքրասերները փորձեն համեմատել, թե աշխարհում որքան գրոսմայստեր կա, և նրանցից քանիսն են գործում Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի դրոշի ներքո, ապա հասկանալի կլինի, որ իր գործունեությամբ Տիգրան Պետրոսյանն իրապես իրավիճակ փոխեց Հայաստանում։ Եվ այն մարդիկ, որոնք շախմատ են խաղում, կյանքին վերաբերվում են մի փոքր այլ կերպ, քան այն մարդիկ, որոնք շախմատ չեն խաղում»։

Tert.am

Կայացավ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսը

June 18, 2019

«Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում»՝ գիրք նվիրված Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին

June 18, 2019