Նեյմար. սպորտային նոր բեսթսելլեր հայ ընթերցողների համար

Այս անգամ հայ ֆուտբոլասերներին Newmag հրատարակչությունը ներկայացնում է բրազիլական ֆուտբոլի ամենակարկառուն ֆուտբոլիստներից մեկի՝ Նեյմարի մասին պատմող բեսթսելլերը, սակայն առաջիկայում սպասվում են նաև այլ սպորտաձևերի և մարզիկների վերաբերյալ գրքեր:

Newmag-ը շարունակում է հրատարակել սպորտային բեսթսելլերներ: «Նեյմար. «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը» գիրքը Լուկա Կայոլիի եռագրության վերջին հատորն է: Նախորդ գրքերը՝ Մեսիի և Ռոնալդուի մասին, նույնպես թարգմանվել և հրատարակվել են հայերեն Newmag-ի կողմից:

Ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Նրա երազանքներից է գերազանցել Պելեի 77 գոլերի ռեկորդը, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել անել։ «Պարի Սեն Ժերմենի» հանրահայտ ֆուտբոլիստը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլ խփել, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն՝ իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

Գիրքը պատմում է աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի, Բրազիլիայի հավաքականի պարտության մասին, որում, թերևս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը։

Գրիք շնորհանդեսին ներկա էր ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը: Վերջինս ֆուտբոլի մեծ երկրպագու է:

«Այս գիրքը պատմում է գրեթե ամեն ինչ Նեյմարի մասին: Իրականաում նա մեծ ֆուտբոլիստ է և, իմ կարծիքով, պարկեշտ մարդ, չնայած այն ամենին, ինչ ասում են նրա մասին լրատվամիջոցները: Պելեն ինձ մի առիթով ասաց, որ, ըստ նրա՝ Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա գերազանց խաղն այսօր բոլորիս համար տեսանելի է»,- նշեց դեսպանը:

Սպորտային բեսթսելլերը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը: Մինչև այս, Լիանա Զաքարյանը թարգմանել էր Լուկա Կայոլիի «Ռոնալդու. Կատարելության տենչով» և «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքերը:

«Այս գիրքը թարգմանելը ինձ համար մարտահրավեր էր, քանի որ կային խնդրահարույց բազմաթիվ հարցեր: Պիտի անպայման տեղյակ լինեիր ֆուտբոլից, որ կարողանայիր դրանց պատասխանները գտնել: Դա ինձ համար լրացուցիչ խթան էր, որ ավելի լավ ուսումնասիրեմ ֆուտբոլը: Եղել են նաև մարդիկ, որոնք ինձ մեծապես օգնել են»,- ասաց Լիանա Զաքարյան:

«Newmag» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև այս ընթացքում հրատարակված սպորտային գրքերն առնչվում էին միայն ֆուտոլին, այնուամենայնիվ մոտ ապագայում ընթերցողներին կներկայացվի շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի գիրքը և բռնցքամարտի չեմպիոն Մուհամմեդ Ալիի կենսագրությունը՝ «Աշխարհի արքան»:

Հունիսի 17-ին newmag-ը կներկայացնի Տիգրան Պետրոսյանի հեղինակած գիրքը, որի մասին քչերը գիտեն, և որը հրապարակվել է 1987 թվականին ռուսերեն:

Erit.am

newmag-ը ներկայացնում է Լուկա Կայոլիի եռագրության վերջին՝ ամենասկանդալային հատորը. «Նեյմար. «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը»

June 4, 2019

Նոր գիրք «Նյումեգ»-ից՝ «Նեյմար»

June 4, 2019