Lույս է տեսել համաշխարհային բեսթսելլերի հայերեն տարբերակը՝ «Սիրո 5 լեզուները»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2019 թվականը հռչակել է Ընտանիքի տարի: Վեհափառի կոչին ընդառաջ՝ մեր եկեղեցիներում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների շարքում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր օրհնությունն ու աջակցությունը բերեց  «Նյումեգ» ընկերության նախաձեռնությանը՝ հրատարակելու ամերիկացի հոգեբան Գերի Չեփմանի «Սիրո 5 լեզուները» գրքի հայերեն թարգմանությունը: Սիրելու և սիրելի լինելու մասին պատմող գիրքն ավելի քան 5 տարի ընդգրկված է «Նյու Յորք թայմսի» բեսթսելլերի տասնյակում։ Այն թարգմանվել է շուրջ 40 լեզվով:

Նյումեգի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ «այս գիրքը կօգնի ամրապնդել ամուսնական կապն ու բացահայտել կողակցի սիրո լեզուն: Սա սովորական գիրք չէ, սա գիրք-ձեռնարկ է, որը կհուշի, թե ինչպես է պետք քայլ առ քայլ բացահայտել սիրո լեզուների գաղտնիքները»:

Մայիսի 11-ին՝ ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ, տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի ողջույններն ու օրհնությունը: Կարևորելով ամուսնական հարաբերությունների ամրացմանն  ուղղված գրքի տպագրությունը՝ Տ. Եսային նշեց, որ ապրելով բազմաթիվ մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջանում՝ կարևոր է ծանոթ լինել աշխարհի գիտնականների ու վերլուծաբանների մոտեցումներին, հասկանալ, թե խնդրի լուծման համար ինչ ուղիներ են առաջարկում նրանք:

Տեր հայրը նշեց, որ գիրքը նաև հովվական կյանքի համար կարևոր քրիստոնեական, գործնական մոտեցումներ ունի, որոնք հոգևոր հովիվների համար կարող են դառնալ հրաշալի ուղեցույց:

Ընտանիքն այն ամրոցն է, որ ամենօրյա խնամք ու հոգատարություն է պահանջում: Ժամանակակից աշխարհի մարտահրավերներից են ընտանիքների ամրությունն ու պահպանությունը՝ անկախ պետություններից, ռասսաներից, կրոնական պատկանելությունից:

«Սիրո 5 լեզուներ» գրքում Գերի Չեփմենն իր անձնական օրինակով հաստատում է երջանիկ հարաբերությունների բանաձևը։ Իր կնոջ հետ ամուսնությունը, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, բարեկեցության խորհրդանիշ է: Նա Քերոլինի հետ մեծացրել է երկու երեխաների և հիմա ուրախանում է թոռներով:

Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև: Նրա տեքստերը զգուշորեն «նորոգում են» ներընտանեկան հարաբերությունները։ Չեփմենի ստեղծագործությունների բազմաթիվ վերահրատարակումները և 38 լեզվով թարգմանությունները փաստում են. նրա խորհուրդներն էֆեկտիվ են, օգնում են ամուր ընտանեկան կապեր ստեղծել և պահպանել դրանք։ Սա ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն:

Գիրքը թարգմանել է Լիլիթ Գիրգորյանը, ով կարծում է, որ գիրքն ավելի շատ ուղեցույց կամ խորհրդատու պետք է դառնա տղամարդկանց համար:

Իսկ գրքի հայերեն տարբերակի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանի խոսքով, գիրքը խմբագրելիս, ամենամեծ մարտահրավերը հեղինակի անմիջական լեզուն պահելն էր. «Գիրքը նման է երկխոսության ընթերցողի հետ և պետք էր այնպես խմբագրել, որ այն լինի հասկանալի, մտքերը՝ պարզ ու հստակ, բայց մյուս կողմից չընկալվի որպես պարզունակ խորհուրդ»։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Ազնավուրի վերջին՝ «Կյանքից կառչած» գիրքը թարգմանվել է

June 3, 2019

Ո՞վ է նա` hերթական բրազիլացի աստղ, թե՞ «նոր Պելե»

June 3, 2019